ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
16.03.2010 | 00:00

Ներկայումս ամերիկա-թուրքական հարաբերությունները հասել են անկեղծության սահմանագծին և համակարգային ճգնաժամի մեջ են, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական և գեոտնտեսական խնդիրների շուրջ խորքային հակասություններով։
«Հայկական հարցը» խիստ արդյունավետ լծակ է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման համար, փայլուն առիթ Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունները դիտավորյալ սրելու, ինչը պատճառի հետ չպետք է շփոթել։ Դա ընդամենը մարտահրավեր է Թուրքիայի ներքաղաքական իրադրությունը ցնցելու, սրելու հասարակական ու քաղաքական իրավիճակը, խոցելի դարձնելու այսօր Թուրքիայում կառավարող կուսակցության դիրքերը։ Յուրաքանչյուր համակարգային գործոն չէ, որ կարող է ի հայտ գալ մեկուսացման պայմաններում, և սպասվում է, որ Թուրքիան կունենա այլ տհաճություններ ևս, որոնք պայմանավորված են նրա տնտեսության կենսագործունեության և հասարակական կյանքի հիմնարար հանգամանքներով։ Դիտարկելով թուրքական տնտեսության ներկայիս հակասական իրադրությունը, այնպիսի գործոնների համադրությունը, ինչպիսիք են կառուցվածքային դեֆիցիտի բարձր մակարդակը, վերարտադրության և հիմնական ճյուղերի անհամաչափությունները, ճգնաժամային իրավիճակն արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության համար ստեղծված անբարենպաստ պայմանները, արտաքին և ներքին ահռելի պարտքը, կարելի է նկատել, որ Թուրքիան այս պայմաններում աննախադեպ խոշոր արտաքին վարկերի կարիք ունի, որոնք չկան և հազիվ թե տրամադրվեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում։
Ամերիկյան և բրիտանական փորձագետները կտրականապես հերքում են Թուրքիայի քաղաքական և տնտեսական ներկայիս իրավիճակի վրա արտաքին ազդեցության առկայությունը և նշանակությունը։ Ֆրանսիական և գերմանական փորձագետները, ընդհակառակը, համարում են, որ արտաքին ուժերի և ամենից առաջ ԱՄՆ-ի ներգործությունն այստեղ միանգամայն արդյունավետ է։ Ֆրանսիացի ճանաչված քաղաքագետներից մեկի բնորոշմամբ` Թուրքիայի ներկայիս իրավիճակի վրա ներգործելու համար բավական է անգամ անգործությունը։ Այսինքն` մերժել արտաքին տնտեսական օգնության տրամադրումը նրան և չբավարարել Անկարայի արտաքին քաղաքական հավակնությունները։ Իրականում ներքին և արտաքին գործոնների համադրությունն այս կամ այն երկրում, ներքին իրավիճակի զարգացման առումով, դժվար է կանխատեսել, կարելի է պնդել ցանկացած բան։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ Թուրքիան, արևմտյան հանրությունից բացի, այլ տնտեսական օժանդակություն ստանալու հնարավորություն չունի, իսկ դա նրան մերժվել է։ Օրինակ` անտեսվում են Թուրքիայի շահերը տնտեսության և սպառազինությունների ժամանակակից տեսակների տրամադրման ուղղությամբ, և, առաջատար բրիտանական փորձագետներ Կատինկա Բերիշիի և Մարկ Լեոնարդի կարծիքով, այդ ամենն ավելի քան ակնհայտ է և չի կարող խիստ բացասական ազդեցություն չունենալ երկրի ներքին իրավիճակի վրա։
ԱՄՆ-ը և որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ ավանդաբար ներազդեցություն ունեն Թուրքիայում գոյություն ունեցող քաղաքական և ռազմական ազդեցիկ խմբավորումների վրա` ամենից առաջ քեմալական ուղղվածության։ Դա միանգամայն բավարար է մանիպուլյացիայի և քաղաքական ծրագրավորման համար հուսալի լծակներ ստեղծելու տեսանկյունից։ Ժամանակակից թուրքական քաղաքական էլիտան բավական ինտեգրված է արևմտյան հանրության տարբեր կառույցներում, գոյություն ունեն բազմապիսի պաշտոնական և ոչ պաշտոնական կապեր ու պարտավորեցնող հարաբերություններ։ Եվ տարօրինակ կլիներ, եթե ամերիկացիներն ու եվրոպացիները չփորձեին ազդել Թուրքիայի ներքին իրադրության վրա։ Այս կապակցությամբ ամեն ինչ կարծես հստակ է, մինչև վերջ հասկանալի չէ միայն, թե 2003-ից հետո ինչպես է տեղի ունեցել քաղաքական ուժերի վերադասավորումը Թուրքիայում, երբ առաջատար կուսակցությունների դիրքորոշումներում փոփոխություններ արձանագրվեցին։
Ամերիկացիները բավականին երկար ժամանակ փորձում էին լոյալ վերաբերվել Թուրքիայում կառավարող «չափավոր իսլամական» կուսակցությանը։ Նրանք չէին փորձում սրել իրավիճակը ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ միջպետական հարաբերություններում։ Վաշինգտոնում սպասում էին և ուշադիր հետևում, քննարկելով Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման տարբերակները` ուշադրության առնելով նոր քաղաքական պայմանները։ Բայց, հավանաբար, փորձարարությունների ժամանակն ավարտվել է, քանզի ամերիկացիները հասկացել են, որ բախվում են իրենց մերձավորարևելյան քաղաքականության մեջ ամենանշանակալի հիմնախնդրին։ Թուրքական պրոբլեմը ժամանակի ընթացքում կարող է վերածվել իրանական կամ իրաքյան խնդրին համարժեք երևույթի, և ԱՄՆ-ի առջև արդեն հիմա կանգնած է թուրքական ճնշումը տարածաշրջանում զսպելու հարցը։ ԱՄՆ-ը խնդիր չունի նպաստելու կամ անտարբեր վերաբերվելու Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ այս նոր պատմական փուլին։ Ամերիկացիները պետք է դրան ինչ-որ կերպ արձագանքեն, բայց ակնհայտորեն մինչև վերջ պատրաստ չեն, չունեն քիչ թե շատ պատկերացումներ, թե ինչ անել Թուրքիայի հավակնությունների հետ։ Ամերիկյան «ուղեղային կենտրոնների» և որոշ բացառիկ նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «թուրքական թեման» ինչ-որ իմաստով փակ է և ենթակա չէ հրապարակային քննարկման։ Կարելի է վստահորեն պնդել, որ ամերիկյան վերնախավը միասնական է Թուրքիայի նկատմամբ ունեցած իր պահանջներում, քանզի Անկարան Վաշինգտոնում դիտարկվում է չափազանց անշնորհակալ դաշնակից` բազմաթիվ տասնամյակներ ցուցաբերված աջակցության և տրամադրված խոշոր տնտեսական օգնության դիմաց։ Միաժամանակ, մոտեցումների առումով, ամերիկյան քաղաքական դասակարգը բաժանված է երկու մասի։ Ավելի պահպանողական քաղաքական գործիչները համարում են, որ անգամ այսպիսի պայմաններում պետք չէ խորացնել հակասությունները և վատթարացնել հարաբերությունները։ Քաղաքական գործիչների այս խմբի տեսանկյունից, ամերիկյան արտաքին քաղաքականությունը չի սպառել Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ռեսուրսները, առջևում հարաբերությունների զարգացման նոր փուլեր կան, քանզի Թուրքիան ներքին առումով անկայուն է, և կարող են առաջանալ նոր հարաբերությունների կառուցման ավելի բարենպաստ պայմաններ։
Այլ հայացքներ ունեցող քաղաքական խմբավորումները թեպետ զգացմունքային, բայց ոչ պակաս լուրջ ու փաստարկված դիրքորոշում ունեն։ Այս խմբի մեջ մտնող քաղաքական գործիչների կարծիքով` Թուրքիան քաղաքական առաջնահերթությունների վերանայման երկարաժամկետ փուլում է գտնվում, և նրա քմահաճույքներին տուրք տալն ավելի է մեծացնելու քաղաքական էլիտայի «ախորժակը»։ Այս խմբին պատկանող քաղաքական գործիչներն ու փորձագետները թվով շատ չեն, սակայն երբեմն ընդունակ են ավելի գործուն ազդեցություն ունենալու վարչակազմի վրա, քան ավելի մեծ թվակազմ ունեցող քաղաքական խմբերը։ Այն փորձագետները, որոնք տեղյակ են ամերիկյան քաղաքական շրջանակներում տիրող տրամադրություններին, երբեմն բացահայտ, թեպետ բավական զուսպ ձևով, նշում են, որ ԱՄՆ-ում տեղի է ունենում կանոնավոր և առարկայական ոչ հրապարակային բանավեճ այս խնդիրների շուրջ, ուր իրենց մասնակցությունն ունեն Պենտագոնն ու հետախուզական ծառայությունները։ Այս ոլորտում կան լուրջ մտավախություններ, որ Թուրքիան լոյալ չէ և դուրս է եկել վերահսկողությունից, և այդ մտահոգությունը հենված է այլ` հատուկ նշանակության բնույթի տեղեկության վրա։ Այդ իսկ պատճառով տեղեկատվության հրապարակային հոսքերը, իրադարձություններն ու գործողությունները բավարար չեն թուրքական թեմայով իսկապես որակյալ եզրակացություններ անելու համար։ Այս իրավիճակում հնարավոր է միայն համեմատական վերլուծություն` ամերիկյան և եվրոպական վերլուծական շրջանակների կողմից։ Եվրոպական ինտելեկտուալ բեմահարթակն ավելի արդյունավետ է կանխատեսումների և իրադարձությունների զարգացման տարբերակների մշակման համար` ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Քանի որ տվյալ պարագայում փորձում ենք դատողություններ անել ամերիկա-թուրքական, ոչ թե թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, որն ընդամենն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների մի մասն է։
Վերջին տարիներին ԱՄՆ-ն ավելի ուշադիր է հետևում տարածաշրջաններում գոյություն ունեցող այն պրոբլեմներին, որոնք կարող են առնչվել Թուրքիայի շահերին։ Այդ խնդիրների շուրջ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել նոր իրավիճակներ, առաջ քաշել նոր նախագծեր, բայց այդ ամենն առայժմ նախնական փուլում է։ Ամերիկացիները սկսել են Թուրքիայի զսպման համար նախատեսված գործոնների ձևավորման նախապատրաստումը։ Տարածաշրջանային հիմնախնդիրները, որոնք անհանգստացնում են Թուրքիային, և որոնք նա ձգտում է օգտագործել այս կամ այն նպատակներով, բավական հայտնի են և դիտարկվում են որպես ամերիկյան քաղաքականության հիմնական լծակներ։ Թուրքիան կարող է հուսալ, որ արաբական պետությունների և Իրանի դիրքորոշումն իր նկատմամբ կլինի չեզոք, բայց չի կարող հույս դնել նրանց աջակցության վրա կտրուկ հակադրության և ռազմական հակամարտությունների իրավիճակներում։ Բալկանյան և կովկասյան պետությունները (բացառությամբ Ադրբեջանի) շահագրգռված չեն հարաբերությունների կառուցմամբ Թուրքիայի հետ` անտեսելով ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերը։ Ընդհանուր առմամբ, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր պետությունները բացարձակապես շահագրգռված չեն Թուրքիայի հզորացմամբ, նրա վերածմամբ տարածաշրջանային տերության։ ԱՄՆ-ը բավական հեշտությամբ կարողանում է ազդել տարածաշրջանի պետությունների վրա հենց թուրքական թեմայի շրջանակներում։ Անշուշտ, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ պրոբլեմների առկայության պայմաններում ամերիկացիները բացարձակապես չեն ցանկանում քաղաքական բեմահարթակում ստեղծել և «ամրագրել» այնպիսի խոշոր հակառակորդ պետություն, ինչպիսին Թուրքիան է։ Ամերիկացիները հոգեբանորեն պատրաստ չեն Թուրքիայի նոր դերին ու դիրքորոշմանը, իրենց վաղեմի գործընկերոջն ու ՆԱՏՕ-ի դաշնակցին հնարավոր հակառակորդ դիտարկելու առումով։ Դա ոչ միայն ահռելի կորուստ է ամերիկյան ռազմավարության համար, այլև փաստացի խոստովանություն, որ այդ ռազմավարությունը տապալվել է այդքան որոշիչ աշխարհաքաղաքական ուղղությամբ։ Բայց, այսպես թե այնպես, տարածաշրջանային իրավիճակն ԱՄՆ-ի համար ամենևին էլ թշնամական ու վնասակար չէ, քանզի ամերիկացիները հեշտությամբ կարողանում են «համախմբել» անհրաժեշտ ռեսուրսները հակաթուրքական ուղղությամբ։ Տարածաշրջանի պետությունները փորձում են իրենց մանիպուլյացիաները կատարել և ամեն կերպ օգտագործել ամերիկա-թուրքական հակասությունները։ Սակայն արդյունքում իրագործվելու են Վաշինգտոնի նպատակները, որոնցից Թուրքիայի շուրջ զսպման «գոտու» ստեղծումը։ Եվ այդ կապակցությամբ տարածաշրջանի պետությունները կա՛մ բացահայտ, կա՛մ լռելյայն համամիտ են ԱՄՆ-ի հետ։
Շատ ավելի բարդ է լինելու արևմտյան հանրության հետ Թուրքիայի խնդիրների կարգավորումը։ Որևէ շրջանակի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան, Գերմանիան, մայրցամաքային Եվրոպայի այլ պետություններ վաղուց զբաղված են տեխնոլոգիաների մշակմամբ` Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս մղելու նպատակով։ Այդ բանավեճն ընթանում է ոչ միայն նեղ էլիտար շրջանակներում, այլև ավելի լայն հասարակական քննարկման առարկա է։ Դրանում առավել շահագրգռված են կաթոլիկ շրջանակները։ Այսպես թե այնպես տեղի է ունենում կարծիքների հստակեցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք, գտնվելով ԱՄՆ-ի ազդեցության ուղեծրում, փորձում են դրական վերաբերմունք ունենալ Թուրքիայի նկատմամբ, ինչը ներկայիս քաղաքական համատեքստում արդեն արխաիզմ է։ Ամենից առաջ Թուրքիային Եվրամիություն խցկելու խնդիրը կորցրել է իր իմաստն ու դարձել վնասակար ամերիկա-եվրոպական հարաբերություններում։ Այդ նպատակով ամերիկացիների ձեռնարկած բոլոր քայլերն արդեն այլևս գրգռիչ են և ծիծաղելի։ Չի հաջողվել Թուրքիայի հետ բարեկամություն կամ «հատուկ» հարաբերություններ պարտադրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության նոր անդամներին, չնայած տարաբնույթ գեոտնտեսական տարածաշրջանային նախագծերի գոյությանը։
Երկրորդ` Թուրքիան միանգամայն համոզիչ ցույց տվեց արևմտյան հանրությանը, որ ինքն այլևս չի կարող լինել հուսալի գործընկեր Ռուսաստանի էքսպանսիան զսպելու, նրա հավակնությունները Կովկասում, ՈՒկրաինայում և Սև ծովում սահմանափակելու առումով։ Թուրքիան ինքն է փորձում նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և չի թաքցնում, որ այդ հարաբերությունները կարող են վերածվել որոշակի տարածաշրջանային դաշինքի։ Թուրքիան մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությանը, բայց այսօր այնտեղ շատ շատերն են մասնակցում։ Եվ երրորդ` ԱՄՆ-ը վաղուց արդեն սկսել է առաջնային բազավորման նոր սխեմայի ձևավորումը և այդ ընթացքում թույլ է տվել սխալներ` ավարտին չհասցնելով այդ աշխատանքը։ Այդպիսի ահռելի ռազմական ծախսերի պայմաններում կարելի է կառուցել «Ինջիրլիքին» ոչնչով չզիջող տասնյակ բազաներ և դրանով իսկ վերջ դնել ռազմական տրանզիտի ու բազավորման մասով Թուրքիայից ունեցած ամոթալի կախվածությանը։ Սակայն, այսպես թե այնպես, «Ինջիրլիքին» այլընտրանք կստեղծվի, և դա Անկարայում հրաշալի են հասկանում ու սպասում են ամերիկյան ռազմաբազաների տեղակայման առումով նշանակալի փոփոխությունների։
Եթե Ռուսաստանը խոչընդոտներ չհարուցեր Կենտրոնական Ասիայում ամերիկյան բազավորման դեմ և ավելի սերտ համագործակցեր ԱՄՆ-ի հետ ռազմական տրանզիտի առումով, ապա թուրքական բազաների նշանակությունն էապես կնվազեր։ Սակայն, բացի նրանից, որ Թուրքիան անհուսալի գործընկեր է դարձել կոնկրետ գործողությունների իրականացման առումով, նա կարող է վերածվել է՛լ ավելի անհուսալի գործընկերոջ ՆԱՏՕ-ում որոշումներ ընդունելու և դաշինքում նոր հարաբերություններ կառուցելու տեսանկյունից, եթե նկատի ունենանք Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական երկրների դիրքորոշումը։ Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի ռազմական կառույց զգալի փոփոխությունների է հանգեցրել դաշինքի ներսում ուժերի հարաբերակցության առումով, և առայժմ մինչև վերջ պարզ չէ, թե ինչ պայմաններ է դրել Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ռազմական բաղադրիչում իր մասնակցությունը վերականգնելով։ Քիչ թե շատ հայտնի են նրա առաջ քաշած պայմանները ռազմական հրամանատարության մեջ իր ներկայացվածության տեսանկյունից։ Բայց, հավանաբար, գոյություն են ունեցել ՆԱՏՕ-ի նոր անդամների հետ կապված նախապայմաններ, ինչպես նաև Թուրքիայի, որի շահերն ակնհայտորեն հակասում են դաշինքի անդամ մյուս պետությունների շահերին։
Իհարկե, Թուրքիայի կարգավիճակը ՆԱՏՕ-ում փոփոխության ենթարկելու հարցն արդիականացնելու համար անհրաժեշտ է լուրջ պրոբլեմների առջև կանգնեցնել Անկարային։ Հավանաբար, կուժեղանա Թուրքիայի հակադրությունը մի շարք եվրոպական պետությունների հետ։ Այդ իմաստով Մերձավոր Արևելքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը բավարար չէ և ուղղակի ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ-ում Թուրքիայի տեղի և դերի վրա։ Անհրաժեշտ է լուրջ քաղաքական հակամարտություն Թուրքիայի և եվրոպացիների միջև, և դրա «ամենաթեթև» տարբերակը կլիներ հակասությունների սրումը Թուրքիայի` Եվրամիության կազմ մտնելու հետ կապված։ Սակայն այստեղ անհրաժեշտ են նոր, համախմբված հարաբերություններ ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների միջև։ Ընդ որում, այս հարցում կարևոր է ոչ միայն մայրցամաքային եվրոպական երկրների, այլև Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը։
Ընդհանուր առմամբ պարզ է, որ Թուրքիայի ինտեգրացիան և նրա գոյությունը եվրատլանտյան կառույցներում այլևս լեգիտիմ խնդիր չէ արևմտյան հանրության հետ ունեցած Անկարայի հարաբերություններում։ Այդ գաղափարը վեց տասնամյակների ընթացքում սպառվել է, ուստի ավելի արդյունավետ և ընդունելի կլինեն Թուրքիային շրջափակելուն ու մեկուսացնելուն, Արևմուտքում և Արևելքում նրա գեոռազմավարական և գեոտնտեսական դերը նվազեցնելուն ուղղված հնարքները։ Ամենայն հավանականությամբ, հեռանկարում կարելի է սպասել, որ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կողմից կվարվի հենց այդպիսի քաղաքականություն։ Դա կլինի արմատական փոփոխություն ամերիկացիների ռազմավարության մեջ, և այդ քաղաքականության բազմաթիվ նախանշաններն արդեն ի հայտ են եկել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ